Շուկայի ինքնակառավարման մասին կեղծ թեզը, որի զոհը դարձան հետխորհրդային բոլոր երկրները, հատուկ սրաքված էր տգետ տնտեսագետներին և մյուսներին խաբելու համար;
Շատ կասկածելի է, որ այդ քանդման գործի հիմնական իրականացնողներ Գայդարն ու Չուբայսը չգիտեին այդ էլեմենտար ճշմարտությունը, որ շուկան գտնվում է հզոր պետությունների ու բանկային կապիտալի մանրամասն կառավարման ներքո։
Իսկ ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անցյալ դարի 90-ականների սկզբին այդ նույն կեղծ թեզը մեզնում իշխում էր ամենուրեք և գործողության մեջ դրվում խելագար փութկոտությամբ։
Ասենք, մեր բազմակողմանիորեն անգրագետ տնտեսագետներին թվում էր, թե Գայդարն ու Չուբայսը ճիշտ են ասում, բայց հո կլասիկ կապիտալիզմի երկրից եկած Լիպարիտյանին չէ՞ր թվում դա, և նա հաստատ գիտեր, որ այդ թեզը առաջ է քաշվել մեր երկիրը տնտեսապես կործանելու համար, որին էլ կհետևեր նաև նրա վերջնական կործանումը։
Տոտալ տգիտությունն ու սրիկայությունը իրենց գործն արեցին, և այսօր գտնվում ենք այս տուպիկային վիճակում։
Խորհրդային իշխանության ժամանակ մեզ թվում էր, թե եղածից ավելի կեղծիք հնարավոր չէ, քանի որ մարդկանց ասածն ու արածը իրարից կտրականորեն տարբերվում էին։
Մենք պարզապես միամիտ էինք, բայց դրա մասին իմացանք միայն այն ժամանակ, երբ բախվեցինք անկախության բերած դրախտի հետ, մի դրախտ, որն էն գլխից կառուցված էր տոտալ կեղծիքի, խաբեբայության, անճարակության և տգիտության վրա, որոնք իրենց գործն անում են նախանձելի ճշտությամբ և նպատակասլացությամբ։
Պավել Բարսեղյան